
Անարդյունավետ ծախսեր կրթության բարելավման ծրագրում
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ու կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող կրթության բարելավման 5-ամյա ծրագիրն այս տարի պետք է ավարտվեր:
Ծրագրի ամենամեծ բաղադրիչը հանրակրթության որակի բարելավումն է, իսկ ամենամեծ մասնաբաժինը հատկացված է ավագ դպրոցին: «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»-ի փորձագետներն ուսումնասիրել են ծախսերն ու գնահատել ծրագրի արդյունավետությունը:
Դիտարկման արդյունքներն, ըստ փորձագետների, մեղմ ասած, գոհացնող չեն:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդու հիմնական կրթության որակը մեծապես կախված է նախադպրոցական կրթությունից: Հայաստանում երեխաների 2/3-ը մինչև դպրոց գնալն այլ կրթություն չի ստանում, ինչը բնականաբար ազդում է երեխայի հետագա զարգացման և կրթության արդյունավետության վրա:
Դա է պատճառը, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ու կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող կրթության բարելավման 5-ամյա ծրագրում լուրջ մասնաբաժին ունի նախադպրոցական կրթությունը, նախադպրոցական հաստատությունների ստեղծումը:
Ծրագիրը մեկնարկել է 2014-ին, այս տարի պետք է ամփոփվեին արդյունքները: Ակնկալվող և իրական արդյունքները ներկայացնում է Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի կրթության փորձագետ Արմեն Քթոյանը:
«Որո՞նք էին ակնկալվող արդյունքները: 5 տարվա ընթացքում՝ մինչև 2019-ի սեպտեմբեր, պետք է ստեղծվեր 120 նախադպրոցական հաստատություն, որոնցում պետք է սովորեր 4-ից 6 տարեկան 2400 երեխա: Այս պահի դրությամբ գործում է 97 նախակրթարան: Քանի որ ծրագրի միջոցառումներն իրենց ժամկետներում չեն իրականացվում, որոշվեց 2 տարով երկարաձգել ծրագիրը: Այսինքն, այն կավարտվի 2021 թվականին, և այդ ժամանակահատվածի համար նախատեսված է ստեղծել 134 նախակրթարան»:
Նախակրթարան հաճախող երեխայի առաջընթացը շատ ավելի շոշափելի պետք է լինի, քան սովորական մանկապարտեզ հաճախող երեխաներինը: Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ չնայած ընդգրկվածության փոքր թվին՝ այս մասով ծրագիրն իսկապես դրական արդյունք է տվել: Նույնը չի կարելի ասել ավագ դպրոցների մասին:
«17 ավագ դպրոց պետք է հիմնանորոգվեր, այս պահի դրությամբ 17-ից 5-ն է իրականացվել: Ծրագիրը վերանայվեց, ժամկետները երկարաձգվեցին, դպրոցների թիվը կրճատվեց: Փորձեցինք հասկանալ, թե որն է պատճառը, որ սկզբում 17-ն է պլանավորվում, հետո կրճատվում է մինչև 12, բայց փաստացի ունենք 5 դպրոց»:
Երբ 2014-ին ծրագիրը մեկնարկում էր, ավագ դպրոցների վերակառուցման համար նախատեսված բյուջեն 11.7 մլն դոլար էր: Հետագայում վերահաշվարկ է կատարվել և պարզվել, որ անհրաժեշտ է 30 մլն դոլար:
Թե ինչու են ծրագրի այս կամ այն բաղադրիչները թերի իրականացվել, փորձագետն իր դիտարկումներն ունի: Դրանց հիմքում կոռուպցիոն ռիսկերն են, ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը, ֆինանսական միջոցների վատնումը:
Վարկային ծրագրի անարդյունավետության մասին բազմիցս է խոսել նաև կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Նա էլ առանձնացրեց «Կրթության բարելավում» ենթածրագիրը, որի նպատակը հանրակրթության հետագա բարելավումն էր՝ ապահովելով կրթության որակն ու համապատասխանությունը:
«Պիտի վերանայվեր պետական չափորոշիչը, դրան համապատասխան առարկայական ծրագրերը: Հատկապես, երբ 2014 թվականին պետական քաղաքականություն հռչակվեց ներառական կրթությունը, դա նշանակում է, որ պետական չափորոշիչը պետք է յուրաքանչյուր երեխայի համար հասանելի լիներ: Դա պահանջում էր պետական չափորոշիչի չափազանց մեծ ճկունություն, ինչը չունի: Այն չափորոշիչը, որի վրա ծախսվեց կես մլն դոլար, հիմա չգիտեմ, թե որ դարակում է: Այսինքն կես մլն դոլարը գցեցին ջուրը ու նոր մրցույթ են անցկացնում, նոր հանձնախմբեր պիտի աշխատեն այս ուղղությամբ: Բա դա անարդյունավետ ծախս չէ՞»,- ասում է Բախշյանը:
Թե ինչ են փաստում նախարարության ուսումնասիրությունները, ինչով են պայմանավորված թերակատարումները և որքանո՞վ է արդյունավետ իրականացվել ծրագիրը, «Ռադիոլուրը» հետաքրքրվել է նաև կրթության նախարարությունից: Մեր գրավոր հարցերին խոստացել են պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետներում:
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ անցնելով հետևյալ հղումով։