Skip to main content

Ինչո՞ւ ԿԳ նախարարությունը չի կարողացել դասագրքերը ձեռք բերել մրցակցային եղանակով, այլ մեկ անձից է գնում կատարել

«Դասագրքերի ձեռքբերումը միշտ էլ իրականացվել է ոչ մրցակցային եղանակով, այսինքն՝ 2019 թիվը միակ տարին չէ, որ մեկ անձից կամ ոչ մրցակցային եղանակներով են ձեռք բերվել դասագրքերը»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին ասաց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը:

Որպես գնումների ոլորտի մասնագետ՝ տիկին Բուռնազյանից մեկնաբանություն խնդրեցինք վերջին շրջանում հաճախակի դարձած մեկ անձից գնումների թեմայով՝ որպես օրինակ մատնանշելով Կրթության եւ գիտության այս տարվա կատարած մի քանի գնումներ, որոնք նույնպես կատարվել են մեկ անձից: «Փաստ» թերթը գրել էր, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը դասագրքեր ձեռք բերելու նպատակով «Սպիկա» ՍՊԸ-ին է տրամադրել 28 243 500 դրամ, «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ին՝ 66 382 380 դրամ, իսկ «Մանմար» ՓԲԸ-ին՝ 251 947 815 դրամ: Այսինքն՝ գնումը կատարել է մեկ անձից, առանց մրցույթի»:

Արմենուհի Բուռնազյանի խոսքով, դասագրքերի հարցով խնդիրն այլ է. «Այստեղ մի նրբություն պետք է հասկանալ, որ ԿԳ նախարարությունը դա միտումնավոր չէ իրականացրել: Ինչո՞ւ, որովհետեւ մեկ անձից ձեռք բերումն այստեղ պայմանավորված է հեղինակային մեկ այլ իրավունքներով: Դա նշանակում է, որ նախ՝ այդ դասագրքի կոնկրետ հեղինակի ընտրությունը կատարվում է ոչ թե ԿԳ նախարարության կողմից, այլ մեկ այլ մարմնի կողմից: Այսինքն, երբ հեղինակն ընտրվում է, նրանով պայմանավորված ընտրվում է նաեւ այդ հրատարակիչ ընկերությունը: Եվ, ըստ այդմ, երբ հեղինակն արդեն ընտրվում է, այդ հրատարակիչ ընկերությունը որպես, այդ գիրքը տպագրելու հեղինակային իրավունք ունեցող ընկերություն, ինքնին, արդեն ստիպված ԿԳ նախարարությունն այդ ընկերության հետ պետք է կնքեն պայմանագիրը»:

Այն հարցին թե հրատարակչությանն ո՞վ է առաջարկում՝ հեղինա՞կը, տիկին Բուռնազյանը պատասխանեց՝ երբ ինչ-որ հեղինակ գիրք պետք է հրատարակի, նա պետք է պայմանագրային կապեր ունենա ինչ-որ հրատարակչության հետ.«Այսինքն՝ երբ որպես հեղինակ նրան են ընտրել, ապա ինքը անպայման պետք է ներկայացնի այն հրատարակչությունը, որը պատրաստ է իր գիրքը տպագրելու»:

Արմենուհի Բուռնազյանն ասաց, որ ինքն այս թեմայով խոսել է Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցչի հետ. «Երբ հարցրի՝ ինչո՞ւ մրցակցային եղանակներ չեք կիրառում, նա ասաց, որ այս տարի փորձել են կոնկրետ գնանշման հարցում ընթացակարգը կիրառել, սակայն, այդ պահանջները, որոնք ներկայացվում են տեխնիկական բնութագրի մեջ, միեւնույն է միայն մեկ ընկերություն կարող է բավարարել այդ պայմանները եւ, ըստ այդմ, ստացվում է, որ մրցույթ կազմակերպելը լրիվ անիմաստ է դառնում»:

Մեր զրուցակիցն ասաց, որ այլ դեպքերում նախարարությունը մրցութային կարգով է գնումներ կատարում. «Մատյաններ կամ որոշակի ձեռքբերումներ կան, օրինակ՝ գրադարանի գրքերի ձեռքբերում, որը մրցութային կարգով է տեղի ունենում: Մրցույթ է հայտարարվում, տարբեր ընկերություններ առաջարկություններ են ներկայացնում, քանի որ դա ոչ թե հեղինակի հետ է կապված, այլ՝ կոնկրետ ինչ-որ գրքերի գնային առաջարկի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/10/20/1073181/?fbclid=IwAR1-rBzhD03KBMe9-ZQYy8n0GKA6mRQh_ELUMzABknp1khJ_d0givqScZCY

 

Leave a Reply

Your email address will not be published.