Պրոպագանդայի համար շուրջ 49 մլն դրամ «Անտարեսին» հատկացվել է ոչ մրցակցային պայմաններում. փորձագետ
«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով ցուցապաստառների տպագրության ու գովազդային ծառայությունների ձեռքբերման համար վարչապետի աշխատակազմին կառավարության որոշմամբ հատկացվել է 48 մլն 900 հազար դրամ (շուրջ 100 հազար ԱՄՆ դոլար): Այս ծրագիրը իրականացնելու է «Անտարես» հրատարակչական ընկերությունը։ Կառավարության այս որոշումը եղել է չզեկուցվող հարցերի թվում և հրապարակայնորեն չի քննարկվել, ինչպես մյուս հարցերը։
Արդեն մի քանի օր է՝ որոշումը բուռն քննադատության է արժանանում սոցիալական ցանցերում։ Տարածված տեսակետների համաձայն, «Անտարես» ընկերության ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի մտերիմն է, նրա գիրքը հրատարակած ընկերության ղեկավարը և այդ պատճառով էլ նրան է վստահվել ծրագրի իրականացումը և նախապես գնման մրցույթ չի անցկացվել։
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, գնումների փորձագետ Արմենուհի Բուռնազյանը Primenews.am-ի հետ զրույցում նկատեց, որ Հայաստանում տպագրական, հրատարակչական ընկերությունները շատ են, դաշտը՝ մրցակցային, հետևաբար՝ հնարավոր էր գնումների մրցույթ հայտարարել և մրցակցային պայմաններում ընտրել ընկերությանը և ոչ թե մեկ անձից գնման միջոցով ծրագրի իրականացումը հանձնել մեկ ընկերության։
«Միգուցե մյուս ընկերությունները շատ ավելի լավ տարբերակներ առաջարկեին այդ ծրագրի իրականացման, պաստառների հրապարակման համար», -նշեց Բուռնազյանը։
Նրա խոսքով, ոչ մրցակցային գնումները համակարգի արդյունավետության առումով ճիշտ չեն, իսկ մեկ անձից գնման դեպքում կասկածների առիթ է ստեղծվում հանրության շրջանում։
«Շատ վատ կլինի, եթե դրա հիմքում դրված լինի այն, որ «Անտարեսի» ղեկավարը մտերիմ հարաբերություններ ունի իշխանությունների հետ։ Բայց մյուս կողմից պետք է նկատի ունենալ, որ «Անտարեսը» կայացած, հեղինակավոր, որակյալ ծառայություն մատուցած ընկերություն է», -նշեց Արմենուհի Բուռնազյանը։
Այդուհանդերձ, նրա խոսքով, կառավարությունում շատ հաճախ հրաժարվում են գնումների համար մրցույթ անցկացնելուց և, պատճառաբանելով ժամանակի սղությունը նախապատվությունը, տալիս են մեկ անձով գնման տարբերակին։ Սակայն, եթե մրցույթ տեղի ունենա Գնումների մասին օրենքը արգելում է գնահատող հանձնաժողովին ընտրել տվյալ ընկերությանը եթե կա շահերի բախում։
«Այդքան մեծ ծախսերը իրականում պետք է հիմնավորված լինեն, քանի որ դրանք պետական բյուջեի գումարներն են, իսկ պետական բյուջեն էլ ձևավորվում է հարկատուներիս հաշվին։ Կարող են գումարներ ծախսել, միջոցառում կազմակերպել, որի ժամանակ մարդիկ կուրախանան, և այդ ուրախությունը, բավարարվածությունը կարող է փոխհատուցվել ծախսված գումարների դիմաց, բայց այս դեպքում, երբ բիլբորդներին փակցվելու են ձեռագիր գրությամբ պաստառներ, չգիտեմ, չեմ կարող ասել՝ որքանով է արդարացված այդքան գումարներ ծախսելը։ Հավանաբար ծավալներն են մեծ, որ այդքան գումար է ծախսվում։ Բայց միևնույն է, այդքան էլ չեմ արդարացնում այդչափ գումարի ծախսը նման ծրագրի վրա», -նշեց գնումների փորձագետը։
https://primenews.am/am/news/society/propagandayi-hamar-shurj-49-mln-dram-antaresin-hatkacvel-e-och-mrcakcayin-paymannerum-pordzaget?fbclid=IwAR1WgJL33WRcrJc8S1Su61Z3GZRpiVsF0_zg8IWaRvAfXMEyN091tojIVs0