Skip to main content

Փողերը՝ յուրայիններին. ինչ է կատարվում պետական գնումների համակարգում

Վերջին մեկ տարում Հայաստանի պետական գնումների համակարգում մտահոգիչ միտում է նկատվում: Կտրուկ աճել է մեկ անձից գնումների ծավալը, որը, ըստ փորձագետների, թեպետ օրինական է, սակայն կոռուպցիոն զգալի ռիսկեր է պարունակում:

Ոլորտի պատասխանատուները նշում են, որ մեկ անձից գնումները կատարվում են պետական կարիքների համար գնվող ծառայությունների հրատապությամբ, ապրանքների բացառիկությամբ և ժամանակի սղությամբ պայմանավորված, սակայն քիչ չեն դեպքերը, երբ ամիսներ առաջ նախատեսված միջացոռումների համար գնումները ևս կատարվում են մեկ անձի միջոցով:

«Ֆակտորի Փրոդաքշն». մեկ անձով գնումների առաջատարներից

Անցյալ տարի Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների, Երևան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի հանդիսավոր վառման արարողության միջոցառումները կազմակերպել է մեկ ընկերություն: Այս գնումը կատարվել է կառավարության որոշմամբ՝ առանց մրցույթի՝ մեկ անձից գնման միջոցով, որի համար պետությունը «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությանը վճարել է 54 մլն դրամ (30 մլն դրամ Ամանորի և 20 մլն դրամ՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ):

Այս ընկերոթյունը վերջին շրջանում մեկ անձով գնման եղանակով խոշոր գործարքներ է կնքում պետության հետ տարբեր ոլորտներում ծառայությունների մատուցման համար:

2017-ին հիմնադրված «Ֆակտորի Փրոդաքշնը» արտոնություն է ստացել նաև արտաքին գործերի նախարարության հայտարարած մրցույթի կազմակերպման դեպքում. նրանց համար գնումը կազմակերպվել է մեկ անձից այն հիմնավորմամբ, որ գնման ենթակա ապրանքը բացառիկ է եղել: Խոսքը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասին է: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված Հանրապետության հրապարակի գալա համերգի կազմակերպման համար կազմակերպությունը պետբյուջեից ստացել է ավելի քան 76 մլն դրամ, իսկ 2018-ի դեկտեմբերի 9-12-ը անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում ծառայությունների համար՝ մոտ 55 մլն դրամ:

2019-ի ապրիլի 27-ի՝ Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար նախատեսվել է 124 մլն դրամ, որից 25 մլն դրամի գնումը կատարվել է այս ընկերությունից՝ կրկին մեկ անձի մեխանիզմով:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի հոդված 23-ը սահմանում է  մեկ անձից գնումներ կատարելու պայմանները: Երևան քաղաքում ու մարզերում տոնական միջոցառումների համար գնված ծառայությունների դեպքում այդ պայմաններից որևէ մեկը կիրառելի չէ և բացառիկ բնույթ չի կրում:

Թույլ է տրվել օրենքի խախտում

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գնումների գործընթացը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. 1) գնման գործընթացի   միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում, 2) պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում և նրանց միջև մրցակցության խրախուսում, 3) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:

Անի Սամսոնյանը
Անի Սամսոնյանը

«Մի շարք ընկերություններ, որոնք ցանկություն են ունեցել իրենց ծառայությունները ևս առաջարկելու, սակայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ոչ մրցակցային գնումների նախընտրության հետևանքով զրկվել են այդ հնարավորությունից»,- մատնանշում է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ բարձրաձայնելով մեկ անձից գնումներ կատարելու համակարգի խնդիրները:

Նա ընդգծում է, որ մեկ անձով գնումների կատարման գործընթացում թույլ են տրվել «Գնումների մասին» օրենքի խախտումներ: «Օրինակ՝ «Էրեբունի-Երևան 2800-ամյակի տոնակատարության շրջանակում Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 10-ին պայմանագրեր է կնքել մի շարք ընկերությունների հետ, և դրանք չեն կնքվել բաց, հրապարակային մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ: Ավելին, այդ պայմանագրերը չեն ուղարկվել armeps համակարգ և չեն հրապարակվել gnumner.am համակարգում: Գնումների նույն պրակտիկան արձանագրվել է նաև ամանորյա տոնակատարությունները նախաձեռնելիս, և պետական բյուջեից 30 մլն դրամ է հատկացվել մեկ անձից գնում կատարելու համար», – ասում է Սամսոնյանը՝ հավելելով, որ մեկ անձից գնումների դեպքում նախապատվությունը հիմնականում տրվում է մեկ ընկերության՝ «Ֆակտորի Փրոդաքշնին»:

Պետական գնումների համակարգում արտոնյալ դիրքեր ունեցող «Ֆակտորի Փրոդաքշն» ըներության հիմնադիրները շոու բիզնեսում հայտնի անձինք են՝ Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը, հայտնում է Մեդիալաբը։ Նրանք երկուսն էլ նախկինում աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։ Այս ընկերությունը թեև շատ երիտասարդ է, սակայն հասցրել է նաև աշխատել նախկին իշխանությունների հետ: Տեր-Գալստյանն ու Պողոսյանը համարվում են Ջաղինյանի մերձավորները։ Ըստ մամուլի հրապարակումների՝ վերջիններս նաև լավ հարաբերություններ ունեն քաղաքային իշխանությունների, մասնավորապես, Երևանի քաղաքապետի հետ։

Մեկ անձով գնումները չեն սահմանափակվում այսքանով: Այլընտրանքի առկայության պարագայում ոչ մրցակցային ձեռքբերումներ (մեկ անձով) են իրականացվում հիմնանորոգման աշխատանքների, ավիավառելիքի, Մաքսային սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքների, խորհրդատվական, գնահատման ծառայությունների, տպագրման աշխատանքների պարագայում: Նույն ընթացակարգով գնումներ են կատարվում նաև միջոցառումների կազմակերպման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, սարքավորումների վերանորոգման և պահպանման, ինչպես նաև ներկայացուցչական ծառայությունների ձեռբերման դեպքերում: Խոսքը տասնյակ միլիարդավոր դրամների մասին է:

Արտոնյալներ կան

Այն, որ պետական գնումների համակարգում նկատվում են արտոնյալ պայմաններից օգտվող ընկերություններ, իսկ մեկ անձով գնումների ծավալը կտրուկ աճել է այս տարվա ինը ամիսներին, արձանագրում է նաև գնումների գործընթացի նկատմամբ հսկողություն իրականացնող «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը։

Արմենուհի Բուռնազյանը
Արմենուհի Բուռնազյանը

«Մեր մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ այս տարվա ինը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ թե՛ քանակապես, թե՛ արժեքով աճել է մեկ անձից գնումների ծավալը, որտեղ սովորաբար մասնագետները տեսնում են կոռուպցիոն ռիսկեր: Եթե 2018-ի 9 ամիսներին ոչ մրցակցային գնումների քանակը կազմել է 4 603, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն հասել է 4 963-ի: Ըստ արժեքի ևս աճը բավականին մեծ է: 2018-ին ինն ամիսներին ոչ մրցակցային գնումների ընդհանուր արժեքը եղել է 81,5 մլրդ դրամ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այն հասել է 108,7 մլրդ դրամի», – մեզ հետ զրույցում նշում է Արմենուհի Բուռնազյանը:

Սերգեյ Շահնազարյանը
Սերգեյ Շահնազարյանը

Հատկանշական է, որ մեկ անձով գնումների կատարման ընթացակարգը եղել է օրվա իշխանությունների քննադատության թիրախում, երբ նրանք գործում էին ընդդիմադիր դաշտում: Տարօրինակ է, որ այժմ նրանք ոչ միայն գնում են նախորդների հետագծով, այլև ավելացնում են մեկ անձով գնումների ծավալը: Ինչո՞ւ: Այս հարցին ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը պատասխանում է․

«Մեկ անձից գնումների կատարումը օրենքով կարգավորված է: Սա օրինական է: Մենք չենք կարող ունենալ մի իրավիճակ, որ գնումներ չեն կատարվում մեկ անձից: Պետական մարմինները լուծում են խնդիրներ, և այդ գործընթացում նման տարբերակներ հնարավոր են: Օրինակ՝ կարող է մրցույթ անես ու չկայանա: Դու չես կարող սպասել ևս 50 օր, որ նոր մրցույթ անես: Օրենսդրությունն ասում է՝ գնա այդ օրերի համար մեկ անձից գնում կատարի, մնացածի մասով մրցույթ կազմակերպի: Սա օրգանիզմ է, որ չի կարող կանգնել: Չի կարող մանկապատրեզը սնունդ չառնել կամ դպրոցը չվերանորոգվել»:

Շահնազարյանի խոսքով՝ վերջին մեկ տարում փոփոխություն է եղել, որ պետք է հաշվի առնել, և եթե անգամ անգամ մեկ անձից է գնում արվում,  դա ևս մրցակցային սկզբունքով է արվում․ «Այսինքն՝ չկա հնարավորություն, որ գնաս ու կոնկրետ մեկ նախընտրած կամ փոխկապակցված անձից գնում կատարես: Կրկին պետք է հրապարակել հայտարարություն, մրցույթի հրավեր շատ կարճ ժամանակով, որին կարող են մասնակցել տարբեր ընկերություններ: Այսինքն, պետությունն ասում է, էլի մեկ անձից արեք գնումը, բայց մրցույթին թույլ տվեք տարբեր ընկերությունների մասնակցել: Եվ սա արվում է էլեկտրոնային կարգով»:

Սա կարելի է ասել մինի-մրցույթ է: Կարող է անունը մեկ անձ է, սակայն օրենսդրական տեսանկյունից թույլ չի տրվում, որ պատվիրատուն իր նախընտրած կազմակերպությանը տա պայմանագիրը: Այսինքն, մի քանի ընկերություն կարող է մասնակցել», – նշում է Շահազարյանը:

Որոշ դեպքերում մեկ անձից հրատապ գնումները իրականացվում են մեկ անձից գնման ընթացակարգից մի փոքր տարբեր կերպով, համաձայնում է Բուռնազյանը, սակայն մատնանշում նաև այս ընթացակարգի խնդիրները․ «Եթե շուկայում առկա է լինում ընտրության հնարավորություն, ապա գնման հրավերը ուղարկվում է ոչ թե մեկ, այլ առնվազն երեք ընկերության, և ընտրությունը կատարվում է այդ ընկերությունների միջև։ Սակայն, ամեն դեպքում, հաշվի առնելով ժամկետների սղությունը, այս ընթացակարգը ևս ռիսկային է, քանի որ սահմանափակում է հնարավոր այլ մասնակիցների ներգրավումը տվյալ ընթացակարգերին և խոչընդոտում է ազատ մրցակցությանը»։

Բացի այդ, փորձագետի խոսքով, ոչ մրցակցային ընթացակարգերի դեպքում չի սահմանվում անգործության ժամկետ, որի ընթացքում մասնակիցները կարող են բողոքարկել գնահատող հանձնաժողովի ընդունած որոշումները։

Միևնույն ժամանակ, ըստ մասնագետների, շատ դեպքերում մեկ անձից գնումները պետությունն անում է ստիպված, քանի որ շատ ընկերություններ վերջին մեկ տարում ուղղակի հրաժարվում են մասնակցել պետական գնումներին: Սա է պատճառը նաև, որ պետության կապիտալ ծախսերի ոլորտում նկատվում է շեշտակի թերակատարում: Այս տարվա առաջին կիսամյակում տարվա կտրվածքով նախատեսված ավելի քան 200 մլրդ դրամի կապիտալ ծախսերի ծավալից կատարվել է միայն 17 տոկոսը:

«Կռուպցիայի դեմ պայքարի ֆոնին նրանք խուսափում են ավելորդ քաշքշուկներից՝ պետական պատվերների իրականացման գործընթացում հնարավոր շեղումների պարագայում: Կա վախ, դրա համար մարդիկ գերադասում են չմտնել այս ոլորտ»,- մեզ հետ զրույցում նշում է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

Նրա հետ համամիտ է նաև Կենտրոնական բանկի 1994-1998 թթ. նախագահ Բագրատ Ասատրյանը․ «Ոլորտում տիրում է վախվորածություն: Փողը կուտակվում է, բայց չի ծախսվում: Մենք լուրջ խնդիր ունենք: Փողը կա, բայց դեռևս չկա դրա ծախսման արդյունավետ ձևը: Նախկին ատկատների մեխանիզմը կոտրել են, վերացրել, բայց նորը չեն ստեղծել: Մինչդեռ տնտեսությունը չի կարող սպասել, պետք են քայլեր: Ու սա բացասական է ազդում ներդրումային միջավայրի վրա, բերում դրամի արժևորման և այլն»:

Այս հարցում մասնագետների ու Սերգեյ Շահնազարյանի տեսակետները չեն համընկնում: «Կարծում եմ՝ նման խնդիր իրականում չկա: Ավելին, դաշտն ավելի մրցունակ է դարձել մասնակցության համար: Չկան ձախ («լևի») փողեր ու կոռուպցիոն վճարներ: Հնարավոր է՝ մի չինովնիկ կամ պատվիրատու մի բան ասի ընկերությանը կամ պահանջի, բայց դա չի նշանակում, որ նա պետք է համաձայնի ու կատարի: Ընկերությունը ևս պետք է պաշտպանի իր շահերը: Եթե կապալառուն, ընկերությունն իսնտիտուցիոնալ, կայացած բիզնես է, նա չունի այդ ռիսկը: Զրո է նման ռիսկը», – հավաստիացնում է Շանազարյանը:

Արշալույս Մղդեսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սեղմելով այստեղ։

Leave a Reply

Your email address will not be published.