Գագիկ Բեգլարյանի օրոք 15 միլիոն դրամով ձեռք բերված մեքենան օտարվում է
«Հայկական ժամանակ»-ը տեղեկություն է ստացել, որ Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը 2013 թվականին իրեն պատկանող օգտագործված «Range Rover» մակնիշի մեքենայի գույնը փոխել է եւ շուկայական բարձր գնով (30 հազար ԱՄՆ դոլար) վաճառել է նախարարությանը:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, որը, ըստ էության, Տրանսպորտի եւ կապի նախարարության մի մասի իրավահաջորդն է:
Ի պատասխան մեր գրավոր հարցի, թե արդյոք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաշվեկշռում կա՞ «Range Rover» մակնիշի մեքենա, որի գործարանային գույնը փոխված է, մեզ պատասխանեցին. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաշվեկշռում առկա է «Range Rover» մակնիշի մեքենա, որը հանձնվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարման համար: Մեքենայի գործարանային գույնի վերաբերյալ նախարարությունը տեղեկատվություն չունի. ձեռք բերման պահին եղել է սեւ գույնի»:
Հաստատվեց նաեւ, որ մեքենան ձեռք է բերվել 15 միլիոն դրամով անհատ անձից: Իսկ արդյոք այն օգտագործվա՞ծ է եղել, թե՞ ոչ, նախարարությունը տեղեկություն չունի:
Նախարարությանն ուղղված մեր հարցման պատասխանից տեղեկացանք նաեւ, որ մեքենան 2005 թվականի արտադրության է, ձեռք է բերել 2013 թվականին:
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հիմքով է 2013 թ. գնված «Range Rover»-ը ներկայացվել օտարման: Բաբայանն ասաց, որ օգտագործման ենթակա չէ, դրա համար ներկայացվել է օտարման: Կոմիտեն, ըստ նրա, պատրաստվում է այն աճուրդի հանել, սպասում է կառավարության որոշմանը:
Մենք պարզեցինք, որ, ըստ 2013 թ. դեկտեմբերի 5-ի N 1355-Ն որոշման, կառավարությունը, ի թիվս այլ գերատեսչություններին, պահուստային ֆոնդից 15 մլն դրամ է տրամադրել Տրանսպորտի եւ կապի նախարարությանը՝ տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան՝ մեքենան գնվել է բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով: ՀՀ ՏԿ նախարարության 2013 թ. հաշվետվությունից տեղեկանում ենք, որ ձեռք է բերվել ամենագնաց՝ բարդ կլիմայական պայմաններում ճանապարհները վերահսկելու համար:
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը մեր զրույցում ասաց, որ օրենքը չի արգելում պետական մարմնին օգտագործված գույք ձեռք բերել: Սակայն, ըստ նրա, «Գնումների մասին» ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա օրենքով սահմանվում է, որ պետք է գնումը արդյունավետ լինի:
«Գույք լինի, թե այլ ապրանք՝ գին-որակ տեսանկյունից պետք է ճիշտ ապրանք լինի, այսինքն՝ ձեռք բերվի այնպիսի ապրանք, որն ունենա որոշակի ծառայության ժամկետ: Ձեր նշած գնման վերաբերյալ կառավարության որոշման մեջ նշված է, որ ծառայության ժամկետը 8 ու կես տարի է: Եթե օգտագործված է եղել, չգիտեմ՝ ինչքանով է համապատասխանում այդ պահանջին, որովհետեւ սովորաբար նոր գույք է ընտրվում՝ ավելի երկար ժամանակով ծառայելու համար»: Նկատենք, որ 2013 թվականից հետո 8 ու կես տարի դեռ չի անցել:
Անդրադառնալով գնումը անհատից իրականացնելու վերաբերյալ հանգամանքին՝ Բուռնազյանն ասաց, որ 1 միլիոն դրամը գերազանցող գնումը պետք է լինի մրցակցային եղանակով. «Բայց այն փաստը, որ պահուստային ֆոնդից է գնվել, հնարավորություն է տվել, որ ոչ մրցակցային եղանակ կիրառվի: Քանի որ տարբեր գերատեսչություններին է տրամադրվել գումար, ենթադրում եմ, որ պահուստային ֆոնդը որոշվել է օգտագործել կոնկրետ նպատակով, այս դեպքում՝ ավտոմեքենաների գնման համար»,- ասաց Բուռնազյանը:
Ըստ նրա՝ այլ հարց է, թե ինչպես է ընտրվել այն անձը, ումից գնվել է մեքենան: Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ մեքենան ձեռք է բերվել Հակոբ Ստեփանյանից: «Օրենքն ունի կոնկրետ սահմանում, որ գնվող ապրանքը գնահատող հանձնաժողովի անդամները չպետք է փոխկապակցված լինեն վաճառողի հետ: Չես կարող եղբորիցդ կամ ընկերոջիցդ գնել մեքենա, եթե զբաղվում ես գնման գործընթացով: Ո՞վ է այս դեպքում վաճառողը, արդյոք փոխկապակցվա՞ծ է եղել գնորդի հետ՝ դա պետք է այլ կերպ պարզել»,- նկատեց նա:
Մեզ չհաջողվեց պարզել, թե ով է Հակոբ Ստեփանյանը. չի բացառվում, որ գործել է այն սխեման, որը պաշտոնյաները սովորաբար կիրառում են՝ իրենց գույքը ծանոթ-բարեկամների վրա գրանցելով: Համենայն դեպս Բեգլարյանի հայտարարագրերում մեքենա չի նշվել, այսինքն՝ փաստաթղթերով ամեն ինչ «մաքուր» է իրականացվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։