Skip to main content

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում՝ ոչ մեկին, ըստ էության, նավթ պետք չէ․ տնտեսագետ

Կորոնավիրուսի համավարակ հայտարարվելուց հետո համաշխարհային շուկայում սկսեց էլ ավելի արագ տեմպով նվազել նավթի պահանջարկը, ինչն ազդեց դրա գների վրա։ Նավթի գների վրա շարունակում է ճնշում գործադրել նավթային շուկայում հումքի ավելցուկը եւ դրա շատ ցածր պահանջարկը: Սկզբում այս ամենը հանգեցրեց նախ Brent տեսակի նավթի գների նվազմանը, իսկ վերջին օրերին արդեն WTI տեսակի նավթի ֆյուչերսների աննախադեպ նվազմանը։

Ռուսաստանի եւ ՕՊԵԿ-ի երկրների՝ նավթի համաշխարհային մատակարարումների շուրջ 10%-ով կրճատման մասին պայմանավորվածությունը եւս չօգնեց նավթի գների պահպանմանը։ Կրճատումը կլինի մայիսին, սակայն, փորձագետների կարծիքով, կրճատման դեպքում եւս շուկայում շուրջ 20 տոկոս ավելորդ նավթ կլինի։

Ապրիլի 20-ի երեկոյան պատմության մեջ առաջին անգամ WTI տեսակի նավթի գինը բացասական էր դարձել՝ -37.63 դոլար 1 բարելի դիմաց։ Արդեն ապրիլի 21-ին WTI-ի մայիսյան ֆյուչերսների գինն աճեց որոշակիորեն՝ մեկ բարելի դիմաց հասնելով 1.65 դոլարի: Իսկ Brent տեսակի նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսների գինը 1 բարելի դիմաց 25.32 դոլար է։ Էներգետիկայի միջազգային գործակալության գնահատականներով՝ կորոնավիրուսի պատճառով նավթի պահանջարկը կնվազի օրական 9.3 մլն բարելով։

Նավթի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ։

– Պարո՛ն Քթոյան, ո՞րն է նավթի շուկայում արձանագրվող աննախադեպ գնանկման պատճառը։

– Նվազման գլխավոր պատճառը տեխնիկական է։ Չիկագոյի բորսայում, որտեղ ֆյուչերսային պայմանագրերի էլեկտրոնային առեւտուր է տեղի ունենում, ընթացակարգն ամբողջությամբ ավտոմատացված է, եւ առեւտուրը, ըստ էության, կատարում են ռոբոտային ծրագրերը։ Ուղղակի մարդիկ վերահսկում են, որ ինչ-որ սահմանաչափերից դա դուրս չանցնի, որոշակի ժամանակահատվածը մեկ ընդհատում է տեղի ունենում, եթե գնային տատանումները մեծ ծավալի են լինում։ Իսկ եթե այդ սահմանափակումները չկիրառվեն, ապա ռոբոտային ծրագրերի համար բացասական թիվն էլ թիվ կլինի, այսինքն՝ գինը կարող է շատ ցածր էլ լինել։ Կոնկրետ ապրիլի 20-ին տեղի է ունեցել նմանատիպ վիճակ։ Կանխարգելող մեխանիզմները, ըստ էության, չէին գործարկվել։ Համակարգն ինչ-որ մի պահ պետք է կանգնեցնեին, բայց դա չարվեց, եւ առեւտուրը շարունակվեց։ Դրա արդյունքում ունեցանք նավթի բացասական գին։

– Նավթի գնանկումն էականորեն ազդել է միայն WTI տեսակի՞ վրա։

– Խոսքը կոնկրետ Չիկագոյի բորսայում ֆյուչերսային պայմանագրերի մասին է։ Ֆյուչերսային պայմանագրերի համար որոշակի ժամանակահատված է սահմանվում, եւ դու այդ պայմանագիրը պետք է վաճառես կամ դրա հիման վրա պարտավորություններ կատարես՝ նավթ ձեռք բերես։ Շուկայի մասնակիցները հիմնականում սպեկուլյատիվ կամ այլ նպատակներ են հետապնդում, որն այդքան էլ կապ չունի նավթի ձեռքբերման հետ, այսինքն՝ այդ պայմանագրերի, կամ թղթի էլեկտրոնային առուվաճառք է տեղի ունենում։ Ու քանի որ դու նավթ ձեռք բերելու նպատակ չես հետապնդում, ստիպված վերջին պահին վաճառում ես՝ ինչ գին ուզում է լինի։

Խնդիր կա նաեւ այն առումով, որ նավթամթերքի արտադրությամբ զբաղվող շատ ընկերություններ փորձում են նվազեցնել իրենց ռիսկը։ Օրինակ՝ այս պահին նավթը 21 դոլար է, եւ ընկերությունը չի ուզում, որ այդ գնից նվազի, նա գնում մտնում է շուկա եւ 25 դոլարով ֆյուչերսային պայմանագիր է կնքում, այսինքն՝ ասում է՝ 3 ամիս հետո ես 25 դոլարով եմ նավթը գնելու, ինչն էլ հանգեցնում է նրան, որ շուկայում ազդակ լինի՝ նավթի գները բարձր մակարդակի վրա են մնալու։ Բայց իրականում ընկերությունն այդ գնով նավթը ձեռք բերելու ցանկություն չի ունենում, ուղղակի «փուչիկ» է, իսկ շուկայի այլ մասնակիցներին դա դուր չի գալիս։ Որոշ փորձագետներ կարծում են, որ Չիկագոյի բորսայում տեղի ունեցածը այն ուժերն են կազմակերպել, որոնք ուզում են կանխել նման «փուչիկի» առաջանալը, այսինքն՝ նրանք հարվածում են արհեստական գին բարձրացնողներին։ Ստացվում է, որ տեխնիկական եւ սպեկուլյատիվ շարժառիթները հանգեցրել են անտրամաբանական վիճակի։

– Նավթի պահանջարկի նվազումն ինչքանո՞վ է ազդել այս ամենի վրա։

– Նավթի պահանջարկի նվազումը կայուն միտում է։ Կորոնավիրուսից առաջ էլ նավթի պահանջարկը գնալով նվազում էր, հիմա էլ, կորոնավիրուսով պայմանավորված, էլ ավելի է սրվել։ Սա գործոն է, բայց ասել՝ հանգեցրել է, որ բացասական գին ձեւավորվի, չենք կարող։ Պարզապես կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում՝ ոչ մեկին, ըստ էության, նավթ պետք չէ։ Բորսաներում ֆյուչերսային սպեկուլյացիաների մեջ ներգրավված անձինք էլ չեն կարողանում արհեստական գին բարձրացնել։

– Հայաստանը չլինելով նավթ արդյունահանող երկիր՝ զգո՞ւմ է այս ամենի ազդեցությունն իր վրա։

– Անխուսափելիորեն պիտի զգա։ Մի կողմից Հայաստանում բենզինն ու դիզվառելիքն ամենամեծ նվազում արձանագրած ոչ պարենային ապրանքատեսակներն են, մյուս ասպեկտն արդեն՝ Ռուսաստանով է պայմանավորված. ՌԴ-ում կորոնավիրուսով եւ նավթի գների անկմամբ պայմանավորված՝ տնտեսական աճի ցածր մակարդակը լուրջ խնդիրներ կստեղծի մեզ համար։ Հաշվի առնենք, որ նախորդ տարիներին ավելի քան 1 մլրդ դոլարի չափով տրանսֆերտներ են Ռուսաստանից Հայաստան եկել։ Ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ ռիսկեր ունենք։ Այնտեղ մեր համերկրացիները եկամուտը ստանում են ռուբլիով, դա վերածում են արտարժույթի եւ ուղարկում։ Այն ժամանակ դոլարն արժեր 60 ռուբլի, 60 մլրդ ռուբլին՝ 1 մլրդ դոլար էր։ Մեր համերկրացիները տարվա կտրվածքով 60 մլրդ ռուբլի էին վաստակում, փոխում էին դոլարի եւ ուղարկում այստեղ։ Հիմա եթե նույնիսկ այդ 60 մլրդ ռուբլին կարողանան աշխատել, այժմ պետք է 1 դոլարի դիմաց վճարեն 75 ռուբլի, ինչը զգալի կորուստ կառաջացնի։

– Այս պահին ի՞նչ եք կանխատեսում, ե՞րբ շուկան կայուն կլինի։

– Եթե բացասական գնի առումով նայենք, ապա այն արդեն իսկ կայունացել է, տեխնիկական խնդիրն արդեն իսկ հաղթահարվել է։ Ինչ վերաբերում է նախկին գներին, կարծում եմ՝ նավթն այլեւս նախկին գներին չի լինի։ Հիմա գլոբալ տեղաշարժեր են տեղի ունենում, առաջարկն աննախադեպ ավելացել է։ Եթե ԱՄՆ-ն 10 տարի առաջ խոշորագույն ներմուծող էր, ապա այժմ խոշորագույն արդյունահանող է, սա առաջարկի ավելացման է հանգեցնում։ Երկրներ կան, որոնք պլանավորում են նավթի արդյունահանման ծավալներն ավելացնել՝ Նորվեգիան, Բրազիլիան եւ այլ փոքր խաղացողներ։ Սա բերում է առաջարկի ավելացման, իսկ մյուս կողմից պահանջարկն է նվազում։ Նավթի հիմնական սպառող երկրներում վերջին տարիներին տնտեսական աճի դանդաղում կա՝ Չինաստան, Հնդկաստան։ Նավթ ավելի շատ կա, քան անհրաժեշտ է, եւ դա կբերի գների նվազման։

– Նավթի գների անկումից կա՞ն հաղթող եւ պարտվող երկրներ։

– Երկրները, որոնց ՀՆԱ-ում մշակող արդյունաբերությունը մեծ տեսակարար կշիռ ունի, եւ ոչ նավթային ապրանքներ են արտադրում, նրանք, բնականաբար, կշահեն, քանի որ իրենց համար նավթը հումք է առաջին հերթին, բայց հիմա մենք տեսնում ենք, որ գլոբալ մասշտաբով բոլոր երկրները փոխկապված են։ Հիմա համավարակով պայմանավորված՝ ո՞ր երկիրն է շահում, ոչ մի։ Ռուսաստանը միանշանակ կկորցնի, բայց արդյոք այդ կորցնելն այլ երկրների համար կորուստ չի՞ բերի. սա իր առեւտրային գործընկերների համար լուրջ խնդիրներ կստեղծի։

Ամբողջական հոդվածը կարող եք դիտել այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.