«Մենք ունեցել ենք հիվանդ տնտեսություն, հիմա տեղի է ունենում տնտեսության առողջացման պրոցես»․ 2020 թ-ի բյուջեն որակական փոփոխություններ կբերի
2020թ. բյուջեի նախագիծն ակտիվորեն քննադատվում է ընդդիմադիրների կողմից։ Իշխանությունները հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն անվանում են հեղափոխական, ընդդիմադիրները՝ պահպանողական և իներցիոն։ Քննադատվում է, որ 2020 թ․ բյուջեի նախագծում եկամուտների ավելացումը համեմատվում է 2018 թ․ բյուջեի հետ և մոտ 30 տոկոս աճ է նշվում, մինչդեռ 2019 թ․ պետբյուջեի եկամուտների համեմատ աճն ընդամենը մոտ 8% է։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը NewArmenia.am-ի հետ զրույցում նկատեց, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բյուջեն հաճախ համեմատում է 1994 թ-ի հետ, իսկ նպատակը միտումներն ու զարգացումները ցույց տալն է։
Ըստ նրա՝ եկամուտների ավելացման այդ 8% ցուցանիշը հաշվարկային է, իրականում շատ ավելի բարձր է լինելու։ Հ․ Գևորգյանի համոզմամբ՝ ծախսերի պլանավորված 135% ցուցանիշն ամբողջությամբ կկատարվի. «Օրինակ՝ 2019-ի գնումների մեջ ծախսային մասում կան շատ գնումներ, որ մենք ծառայությունները, ապրանքները հաշվարկել ենք նախկին ժամանակների գներով, հետո մրցույթի արդյունքում ավելի էժան է եղել, որովհետև դաշտն ավելի մրցակցային է դարձել։ Նույն ասֆալտապատումը մենք նույն գումարով շատ ավելի շատ ու ավելի որակով ենք իրականացնում։ Դրա արդյունքում գումարները խնայվում են»։
Քննադատությանը, թե ընդամենը կոսմետիկ վերանորոգում է իրականացվում, կապիտալ ծախս չի արվում, Հ.Գևորգյանը հակադարձեց. «Դա իրենց կարծիքն է, թող գնան մեր արածի որակն ու նախկին որակը ստուգեն, ոչ մի խնդիր չունենք։ Կարող են հատուկ ապարատներով ստուգել։ Կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա իրական որակը»։
Անդրադառնալով խնդրին, թե հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը չի փոխվում, այսինքն՝ ստվերի դեմ պայքար չկա, պատգամավորը նշեց, որ հաշվարկային ցուցանիշն այս տարի 22,3% էր, հաջորդը՝ 22,6% կլինի. «Շատ հետաքրքիր է՝ այդ ընդդիմադիրները, երբ իշխանության էին եղել, իրենց մոտ հարաբերակցությունն ինչքա՞ն էր։ Եվ դա միայն հաշվարկայինն է, իրականում շատ ավելի հարկ է հավաքվելու և արդյունքը շատ ավելի լավն է լինելու։ Ես վստահ եմ՝ ստվերի դեմ պայքարը շատ տեսանելի և շատ շոշափելի կլինի։ Թող հակառակի հույս չունենան»։
Թե ի՞նչ վստահություն կա նման պնդում անելու, Հ․Գևորգյանը հարցադրումով պատասխանեց․ «Այս տարի ի՞նչ վստահություն կար նման պնդում անելու։ Պայքարեցինք, չէ՞, կրճատվեց, չէ՞։ Հեղափոխությունից հետո ասում էին՝ բյուջեն դատարկ է, չեն կարողանալու թոշակները վճարել, նույն ընդդիմադիրները, որ այսօր ասում են՝ չեք կարող կատարել։ Բայց ոչ մի խնդիր չունեցանք։ Ունեցանք բյուջեի գերակատարում, պրոֆիցիտով բյուջե։ Եվ հետագայում էլ աշխատավարձի ու թոշակի բարձրացումը շարունակական կլինի, միայն 2020 թ․ բարձրացումով չի սահմանափակվելու։ Քանի՞ տարի չէին բարձրացրել թոշակը, որ այդքան փայլուն, լավ էր։ Այդքան տարի թոշակ չէին բարձրացնում, էդ մասին չէին խոսում։ Էդ ո՞նց մենք եկանք ու միանգամից բարձրացրեցինք, և դեռ բավականին փող կա»։
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի կրթության փորձագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ հեղափոխությունը բյուջեի որակական փոփոխությունն է կամ դրա նախադրյալներն են․ «Այս բյուջեն որակական փոփոխությունների համար նախադրյալ ստեղծում է։ Որակական փոփոխություններ են հարկային եկամուտների կառուցվածքը, որ առաջին անգամ մենք ունենք այնպիսի հարկային եկամուտներ, որտեղ ուղղակի հարկերը որակապես ավեի մեծ մասնաբաժին ունեն հարկային մուտքերի մեջ, քան անուղղակի հարկերը։ Սա որակ է։ Դրա մասին նախկինում միշտ խոսվում էր, բայց չէր հաջողվել դա իրականացնել։ Իսկ ուղղակի հարկերի ավելացումը ստվերի կրճատման հաշվին է, որովհետև օլիգարխը, խոշոր ձեռնարկատերը մեծ հաճույքով անուղղակի հարկ՝ ԱԱՀ, վճարում է, որովհետև դա ոչ թե ինքը, այլ սպառողն է վճարում, իսկ ուղղակի հարկ չի վճարում։ Եվ եթե հաջողվել է այդ համամասնությունը որակապես փոխել, նախադրյալ ստեղծել նոր փոփոխությունների համար, դա արդեն իսկ լուրջ փոփոխություն է։ Կապիտալ ծախսերի ավելացումը ևս որակական փոփոխությունների նախադրյալ է ստեղծում»։
Ըստ նրա՝ ընդհանրապես այս բյուջեն ազդակներ, ուղերձներ է պարունակում՝ տարբեր ուղղություններով կառավարության մտադրությունները սահմանելու համար․ «Եթե կարծում ենք, թե 1-2 տարում շոշափելի փոփոխություններ պետք է ունենանք, այնպիսի փոփոխություններ, որ մենք կարող ենք անցում կատարել նոր մակարդակի, այդպես հնարավոր չէ։ Մենք ունեցել ենք հիվանդ տնտեսություն, հիմա տեղի է ունենում տնտեսության առողջացման պրոցես։ Եվ մենք գտնվում ենք հիվանդից առողջի տեղափոխվելու անցումային փուլում։ Հեղափոխությունը հենց դրանում է, որ մտել ենք այդ անցումային փուլ»։
Տնտեսագետը չհամաձայնեց, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը չի փոխվում․ «Իրականում աճ է արձանագրվում, ընդ որում՝ եթե նայենք նախկին տարիներին նախորդ իշխանությունների դեպքում հարկեր/ՀՆԱ հարաբերակցության պարագայում ինչպիսի թիրախներ էին սահմանվում և ինչպիսի թիրախներ էին համարվում իդեալական, օրինակ՝ եթե 0,3 տոկոսային կետով հաջողվեր ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, դա համարվում էր լուրջ նվաճում, լուրջ ներդրում։ Հիմա այդ հարաբերակցությունն ավելի արագ տեմպերով է աճում։ Բացի դա, պետք է նկատի ունենանք, որ այդ հարաբերակցությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե կառավարությունը չվերադարձներ գերավճարների գծով նախկինից կուտակված պարտքերը։ Խոսքը լուրջ գումարների մասին է։ Հաջորդը՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճ ենք արձանագրել այն պարագայում, երբ հարկային միջավայրն ավելի նպաստավոր է դարձել բիզնեսի համար, հարկային բեռը թուլացել է։ Հարկային առանձին դրույքաչափերի մասով փոփոխություն կա, փոքր հարկատուների մասով հարկային բացառում կա։ Դա նշանակում է, որ ընդհանուր տնտեսության մասշտաբով դու հարկային բեռը թուլացնում ես, բայց այդ պայմաններում ավելի շատ հարկ ես հավաքագրում։ Սա ևս ինչ-որ բանի մասին խոսում է։ Այսինքն՝ եթե դիտենք այլ հավասար պայմաններում, ապա հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը շատ ավելի մեծ կլիներ։ Չնայած այդ դեպքում էլ քննադատություն կարող էր հնչել, թե որքան պետք է լինի այդ ցուցանիշը, օրինակ՝ 30-35%, եթե ստվերը զրոյացվի։ Պարզ է, որ դա մի տարում չի լինում։ Մենք հետազոտել ենք 1000 հարկատուների վարքագիծը, որում էական փոփոխություն կա։ Այսինքն՝ այս առումով որակական տեղաշարժ կա, լուրջ փոփոխություների համար նախադրյալ ստեղծում է, ինչը շատ կարևոր է»։
Ա․Քթոյանը նշեց, որ ոմանք ակնկալում են, որ կենսամակարդակի աճը պետք է տեղի ունենա բյուջեի հաշվին, բայց դա այդպես չի, քանի որ բյուջի շրջանակներում բաշխվում են այն ռեսուրսները, որ հավաքագրում է պետությունը։ Սակայն, նրա խոսքով, տնտեսությունում կա այլ ռեսուրս ևս, որը մասնավորի ձեռքին է և պետության դերակատարությունն է՝ նպաստավոր միջավայր ստեղծել, որպեսզի մասնավոր հատվածը կարողանա իր համար եկամուտ ստեղծել։
«Կենսաթոշակների խնդիրը լուրջ է, և ոչ մեկ չի կարող ասել, որ այդ խնդիրն արագ կլուծի։ Մենք ունենք ծերացող հասարակություն, և կենսաթոշակային համակարգում վերջին տասնամյակում հասել ենք մի կետի, որ կենսաթոշակառու և եկամտային հարկ վճարող հարաբերակցությունը լուրջ սպառնալիք է հանդիսանում կենսաթոշակային համակարգի կայունության համար։ Դա մի տարում չի ձևավորվել և մի տարում հնարավոր չէ լուծել։ Բարձրացումը ռեսուրսների խնայողության և արդյունավետ ծախսի հաշվին է։ Որակական աճ ապահովելու պոտենցիալ այստեղ պարզապես չկա։ Աշխատողների թիվը պետք է ավելանա։ Արդեն 60 հազար աշխատող սկսել են պաշտոնապես հարկային վճարումներ կատարել, և այս թիվը կավելանա։ Աշխատող/թոշակառու հարաբերակցությունը հնարավոր կլինի ավելացնել ու ռեսուրս կլինի թոշակների ավելացման համար»,- ասաց Ա.Քթոյանը։
Ամբողջական հոդվածը կարդալու համար սեղմեք այստեղ