Արմենուհի Բուռնազյան. «Պետական գնումների ոլորտում ավելացել են ոչ մրցակցային գնումները»
Պետական գնումների ոլորտում սկսել են բավականին շատ կիրառվել ոչ մրցակցային՝ մեկ անձից կատարվող գումները, որը մտահագիչ է։
Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը՝ ներկայացնելով կենտրոնի մոնիտորինգների արդյունքները։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով։
Ըստ Արմենուհի Բուռնազյանի՝ պատվիրատուների տեսանկյունից, միգուցե, մեկ անձից գնումներն առավել դյուրին են, սակայն հանրության և հանրային վերահսկողության տեսանկյունից ոչ մրցակցային գնումների կիրառության հաճախակիությունը ռիսկային տարրեր է պարունակում։
«Առաջարկում են հարթակի ստեղծում, որը որոշակի շեմից, օրինակ՝ 10 մլն դրամը գերազանցող գնումների դեպքում, գնումների ոչ մրցակցային եղանակի կիրառության համար կծավալի հանրային քննարկում։ Դա կարող է լինել ինչպես նոր ստեղծված, այնպես էլ՝ արդեն իսկ գործող որևէ հարթակ։ Այստեղ կսահմանվեն որոշակի ժամկետներ, որի ընթացքում հանրային սեկտորի ներկայացուցիչները որոշակի ժամկետներում կարող են ներկայացնել իրենց դիրքորոշումն ու առարկությունները։ Այս համակարգը բավական արդյունավետ փորձարկվում է Վրաստանում, և իրենք արդեն որոշակի արդյունքների հասել են։ Այստեղ հանրության ձայնը հասանելի է դառնում։ Մենք նկատում ենք, որ ոչ մրցակցային գնումներ կիրառում են, օրինակ, մեծ միջոցառումների կազմակերպման ժամանակ, այնուհետև հանրության կողմից բավականին բացասական արձագանք ենք ստանում։ Այս առումով լավ կլինի, որ այս քննարկումները ծավալվեն մինչև գնումներն իրականացնելը»,- նշեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի տնօրենը։
ՀԿ-ի մյուս առաջարկն է՝ ոչ մրցակցային գնումների որոշակի շեմի դեպքում, օրինակ՝ 100 մլն դրամի, պահանջել նաև Ազգային ժողովի տեսակետը, և միայն պատգամավորների հավանության դեպքում կատարել գնումները։
«Հրատապության հիմքով մեկ անձինց գնումները ևս շատացել են, և որոշ դեպքերում դրանք կասկածի տեղիք են տալիս»,- ասաց Արմենուհի Բուռնազյանը՝ հավելելով, որ այսօր պետական գնումների ոլորտի գլխավոր բացթողումներից են նաև հաշվետվողականության և պատվիրատուների թափանցիկությունը։
Մոնիտորինգի ընթացքում ՀԿ-ի մասնագետները նկատել են, որ ARMEPS համակարգում ներկայացված գնումների հայտերի տվյալները, որոշակի ժամանակ հետո փոփոխվում են։ «Օրինակ՝ 2019 թվականի փետրվարի ներբեռնված տվյալները խիստ տարբերվում են 2020 թականի ներբեռնված տվյալներից։ Պարզվել է, որ այդ ընթացքում ավելացել է 388 պայմանագիր, որոնց արժեքը կազմում է 11.8 մլրդ դրամ։ Ստացվում է, որ այդ պայմանագրերը նախկինում թերի են ներկայացվել։ Այստեղ պատվիրատուների հաշվետվողականության և թափանցիկության խնդիր ունենք։ Չկան օրենսդրական հստակ պահանջները։ Հանրային վերահսկողության տեսանկյունից սրանք ևս շատ կարևոր խնդիրներ են։ Կան երկրներ, որտեղ պատասխանատվության են ենթարկում այն պատվիրատուներին, որոնք խախտում են օրենքները»,- նշեց Արմենուհի Բուռնազյան։
Նա անդրադարձավ նաև պետական գնումների ոլորտում առկա բողոքարկման համակարգին՝ մտահոգություն հայտնելով, որ բողոքները քննող անձանց կողմից երբեմն նույն հիմքով գործերի դեպքում ընդունվում են որոշումներ, որոնք խիստ տարբեր են լինում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ անցնելով այս հղումով։