Skip to main content

ՊՆ գնումներում մեծացել է ոչ մրցակցային գնումների մասնաբաժինը

ՊՆ գնումների վերաբերյալ մեր ՀԿ-ի իրականացրած վերլուծությունից մի հատված:

Ուսումնասիրվել է 2018 և 2019 թվականների 9 ամիսները և համեմատական վերլուծություն կատարվել:

Վերլուծության նպատակն առկա միտումների ուսումնասիրությունը և խնդրահարույց կամ հնարավոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող գնումների վերհանումն է։

Համաձայն գնումների հաշվետվողականության ARMEPS կայքի միջոցով գեներացվող տվյալների ՝ 2019թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում (9 ամիսների ընթացքում) ՊՆ-ն կնքել է 891 պայմանագիր, որի արդյունքում գեներացվել է շուրջ 33.4 մլրդ դրամի պարտավորություն։ 2018-ի նույն ժամանակահատվածում կնքվել է ավելի քիչ՝ 857 պայմանագիր, սակայն արդյունքում գեներացվել է շուրջ 4.5 մլրդ դրամով ավելի շատ՝ 37.9 մլրդ դրամի պարտավորություն:

ՊՆ գնումների բնութագիրը, 2018 եւ 2019թթ․ եռամսյակներով

Ընդհանուր առմամբ, 2019թ. 9 ամիսների ընթացքում ՊՆ գնումների մասնաբաժինը հաշվետվողականության համակարգում ներկայացված ընդհանուր պետգնումներում:

(190.2 մլրդ դրամ) գումարային առումով կազմել է մոտ 18%-ը, մինչդեռ 2018թ. նույն ժամանակահատվածի համար այս մասնաբաժինը եղել է շուրջ 23%  (ընդհանուր 168 մլրդ դրամի նկատմամբ)։ Քանակային առումով ՊՆ գնումները և՛ 2018-ի,  և՛ 2019-ի  9 ամիսների ընթացքում կազմել են ընդհանուրի շուրջ 7%-ը, համապատասխանաբար՝ 11700 եւ 12958 պայմանագրեր։

Ըստ ուսումնասիրության, նախորդ ժամանակահատվածի համեմատ և՛ քանակական, և՛ արժեքային առումով դիտարկվում է ոչ մրցակցային գնումների աճ։ Մասնավորապես, 2019 թվականի 9 ամիսներին, նախորդ տարվա 9 ամիսների համեմատ, ոչ մրցակցային ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերը քանակապես ավելացել են շուրջ 1.8 անգամ՝ կազմելով 85 պայմանագիր՝ նախորդ ժամանակաշրջանի 48-ի համեմատ, իսկ արժեքային առումով շուրջ 0.2 մլրդ դրամով՝ կազմելով 6.1 մլրդ դրամ նախորդ ժամանակաշրջանի 5.9 մլրդ դրամի համեմատ։

Նույն միտումներն են նկատվում նաև ըստ գնման ընթացակարգերի պայմանագրերի քանակային եւ արժեքային կառուցվածքի ուսումնասիրությունից։ Դիտարկվող ժամանակահատվածում քանակական եւ արժեքային առումով ՊՆ գնումներում մեծացել է ոչ մրցակցային գնումների մասնաբաժինը։ Մասնավորապես, 2019թ. 9 ամիսների ընթացքում ոչ մրցակցային գնումների մասնաբաժինն ընդհանուր ՊՆ գնումներում քանակային առումով ավելացել է շուրջ 4%-ով՝ կազմելով մոտ 10% նախորդ 6%-ի համեմատ, իսկ արժեքային առումով՝ 2%-ով՝ կազմելով 18% նախկին 16%-ի համեմատ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/11/11/1077139/?fbclid=IwAR24eWRCzCg0ey-ARxMTzkv_ESg3c2zA6RuR9m0zvs8rdE20Jc5H1CGFpQs

Leave a Reply

Your email address will not be published.