Ֆինանսների նախարար. «Պետգնումների ոլորտում կարիքի ճիշտ նույնականացման խնդիր կա»
«Պետական մարմինների համար հաճախ նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում: Եվ, հետևաբար, դրանից բխում են գնումների պլանավորումը և գնումների արդյունքում ստացված ապրանքների անհամարժեքությունը» ,- այս մասին այսօր Ազգային ժողովում պետական գնումների ոլորտին առնչվող խնդիրների քննակմանը հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Հիշեցնենք՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով։
Ֆինանսների նախարարը պետական կարիքները ճշգրտորեն նույնականացնելու անհրաժեշտություն է տեսնում: Նա որպես պայմանական օրինակ ներկայացնում է բաժակը ու նշում, որ թեև բոլոր պետական մարմինները օգտագործում են բաժակ, սակայն նրանցից յուրաքանչյուրն այն տարբեր կերպ է ներկայացնում։ «Յուրաքանչյուր պետական մարմնի ներկայացուցիչ այդ բաժակը կարող է ձևակերպել իր ճաշակով։ Մինչդեռ, ըստ էության, կարող էին դրանք նորմավորվել: Ենթադրենք, պետական համակարգը կարող է օգտագործել երեք տեսակի նույնանուն ապրանքից: Նորմավորման դեպքում հնարավորություն կունենայինք գնման առարկան նկարագրել միասնական տրամաբանությամբ ու չունենալ այն ռիսկերը, որոնք հիմա կան»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նրա՝ ներկայում, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, նույն ապրանքի համար կարող են լինել թե՛ տարբեր նախահաշիվներ, թե՛ տարբեր գներով կնքված պայմանագրեր:
Նախարարը շեշտեց, որ իրենք պատրաստ են լսել պետական գնումների վերաբերյալ քննադատությունները, առաջարկություններն ու լուծման եղանակները։ Հիշեցրեց, որ արդեն 20 տարի է, ինչ Հայաստանում գործում է պետական գնումների համակարգը և, ըստ անհրաժեշտության, այս ընթացքում պարբերաբար փոփոխություններ են կատարվել։ Ներկայում էլ հանրային քննարկման է ներկայացված փոփոխությունների մեկ այլ նախագիծ, որով առաջարկվում է ինքնարժեք-գին պահանջը վերացնել:
Ինչպես քննարկման սկզբում ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, այս հանդիպման նպատակն է բարձրաձայնել գնումների ոլորտի խութերի մասին։ Նա խորհուրդ տվեց առավել մեծ ուշադրություն դարձնել հետևյալ հարցերին՝ արդյոք գնումները նպաստու՞մ են ՓՄՁ-ի (փոքր և միջին ձեռնարկություններ) զարգացմանը, ի՞նչ մակարդակում է բողոքարկման կարգը, տվյալների մուտքագրման որակը, ՓՄՁ-ի կողմից գնումների համակարգի նկատմամբ հետաքրքրությունը։
Արտակ Մանուկյանը կարծում է, որ ավելի մրցակցային միջավայր պետք է ապահովել, որպեսզի պետական համակարգն ավելի գրավիչ դառնա, հատկապես՝ ՓՄՁ-ի համար։ Նա նաև բողոքարկման համակարգի բարելավման անհրաժեշտություն է տեսնում։ «Համանման բողոքի մասով բողոքը քննող նույն անձը հաճախ տարբեր որոշումներ է կայացնում: Հարց է առաջանում` ո՞րն է այն ռացիոնալ հիմքը, որ մենք կարողանանք զսպել ինչ-ինչ գայթակղությունները»,- նշեց պատգամավորը:
Արտակ Մանուկյանը նաև խնդիրներ է տեսնում թափանցիկության առումով։ Ըստ նրա՝ այդ ուղղությամբ ևս բավականին շատ աշխատանք կա անելու։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ անցնելով այս հղումով։