There are still no chapters. The procurement sector remains problematic
Բռնված գլուխներ դեռ չկան, այսօր պետական գնումների ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի գնումների հարցերով փորձագետ Արտակ Մանուկյանը։
Պետական գնումների ոլորտի խնդիրները հանրության շրջանում շատ մեծ ակտիվությամբ քննարկվեցին մեկ տարի առաջ՝ անցած սեպտեմբերին, երբ Սերժ Սարգսյանը, կառավարությունում խորհրդակցություն հրավիրելով, դիմեց վարչապետ Տիգրան Սարգսյանին։ «Գլխից պիտի բռնենք՝ մեծերին»,- հայտնի խորհրդակցության ժամանակ ասաց նախագահը։
Դեռ անցյալ տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ համաձայն Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքների՝ գնումները կատարվում են օրենքի պահանջներից տարբեր սկզբունքով: Իրավասու մարմինները շատ դեպքերում գործում են կամայականության դաշտում՝ չապահովելով մրցակցային, արդյունավետ և թափանցիկ գնումների ընթացակարգերը: Եվ Սերժ Սարգսյանը հրապարակավ դժգոհել էր, բացասական էր գնահատել կառավարության աշխատանքը այդ առումով ու հարցրել՝ մեկը դրա համար պատասխան պիտի տա՞, թե՞՝ ոչ։
Ի՞նչ է փոխվել պետական գնումների մրցույթների անցկացման գործընթացներում։ Տնտեսական գիտությունների թեկնածուն ուսումնասիրելով կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտը՝ եզրակացրել է. – «Իրական մրցակցություն չկա, նկատում ենք, որ շուկան տարեցտարի ավելի մոնոպոլացված է դառնում»։
ԹԻ փորձագետը, վկայակոչելով կառավարական աղբյուրները, նշեց, որ կառավարական մարմինները շարունակում են նախընտրել պարբերաբար նույն կազմակերպությունից գնումներ անելու տարբերակը: Փորձագետի նախնական գնահատումներով՝ 2013 թվականին մեկ անձից գնումները կգերազանցեն 2012 թվականի ցուցանիշները, այսինքն պետական պաշտոնյաները նախընտրում են կոռուպցիոն ռիսկերով աչքի ընկնող գնումների ձևը։
«Եթե ես լինեի պետություն, կգնայի, կնայեի, թե ինչո՞ւ է այս մարդը միշտ շահում մրցույթը»,- ասում է Մանուկյանը։
Անցյալ տարի մշտապես մեկ կազմակերպությունից կատարվել է 730 գնում: Ըստ փորձագետի՝ դա նշանակում է, որ 21 միլիարդ դրամի ծախսը պարունակում է կոռուպցիոն ռիսկ։ Մեկ կազմակերպությունից պետական գնումներ կատարող մարզպետարանների ցանկը գլխավորում է Լոռու մարզպետարանը: Երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզպետարանն է։
Ի դեպ, շատ կազմակերպություններ կան, որոնք մշտապես պետական գնումների մասնակից են, բայց որոնց մասին համացանցում տվյալներ չկան։
Նկատի ունենալով, որ Եվրամիության հետ անցած 4 տարիներին բանակցությունների ժամանակ մեծ տեղ է հատկացվել տնտեսության ոլորտում թափանցիկության և հրապարակայնության սկզբունքներին՝ փորձագետին հարցրի՝ այսինքն անցած 4 տարիներին ի՞նչ օգուտ է կարողացել քաղել Հաայստանը: Արտակ Մանուկյանի գնահատմամբ՝ օրենսդրությունն անհամեմատ բարելավվել է, ավելի մոտ է եվրոպականին։
«Բայց պրակտիկան, իրավակիրառումը մնացել է նույն աստիճանին։ Իրավիճակը կարող է բարեփոխվել այն դեպքում, երբ ինչպես մենք ներթափանցենք եվրոպական շուկա, այնպես էլ եվրոպական ֆիրմաները ներթափանցել Հայաստան»,- ասաց նա։
Բայց, ըստ Մանուկյանի, եվրոպական ընկերությունները ոչ թե կսահմանափակվեն Հայաստանի կառավարման մարմիններից և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված բողոքարկման խորհուրդ դիմելով՝ այլ ընդհուպ միջազգային դատական ատյաններում արդարադատության հասնելու միջոցով կկարողանան շրջադարձային իրավիճակ ապահովել: ԹԻ փորձագետն ասում է՝ դա է գնումներ իրականացնելու կոռուպցիոն ավանդույթներից հրաժարվելու ելքը: