Ոչ մրցակցային գնումներ և կրկին միլիոնավոր դրամներ՝ «Ֆակտորի փրոդաքշնին». ամանորյա միջոցառումների համար գնումների մրցույթ չի հայտարարվում
Երևանում ամանորյա տոնակատարությունների հիմնական կազմակերպիչը, ինչպես մինչ այժմ անցկացված գրեթե բոլոր խոշոր միջոցառումների դեպքում, դարձյալ արտոնյալի կարգավիճակ ունեցող և արդեն աղմկահարույց պատմությունների մեջ հայտնված «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունն է:
Այս անգամ, պետական գնումների անցկացման նոր կարգի համաձայն, կազմակերպիչների ընտրության մրցույթ չի հայտարարվել, այլ Կառավարությունն է նրանց ընտրել։ Կառավարության նիստում նոյեմբերի 14-ին որոշվել էր Երևանում ամանորյա տոնական միջոցառումների անցկացման համար տրամադրել 271 մլն 797 հազար դրամ (շուրջ՝ 570 հազար դոլար)։ Դրան կգումարվի Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 մլն դրամը (114 հազար դոլար):
«Ամանորի տոնական միջոցառումները կազմակերպելու է չորս ընկերություն, որոնցից երեքը, Կառավարության, Երևանի քաղաքապետարանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ քննարկումների արդյունքում, հետևյալն են՝ «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ, «Սթեյջ սթայլ» ՍՊԸ և «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ: Չորրորդ ընկերությանը կընտրի Երևանի քաղաքապետարանը»,- օրեր առաջ տեղեկացրել էր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Եթե նախկինում «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը մեկ անձից գնման միջոցով էր առավելություն ստանում, ապա այժմ կրկին ստանում է առավելություն՝ առանց մրցույթի, քննարկումների ընթացքում, պատկան մարմինների որոշմամբ։ Հոկտեմբերի 10-ին Կառավարության ընդունած համապատասխան որոշմամբ՝ մշակութային միջոցառումներ իրականացնող կազմակերպություններն ու գերատեսչությունները կարող են գնումները կատարել մեկ անձից՝ ելնելով գնման առանձնահատկությունից։ Այսինքն՝ ինչպես փորձագետներն են ասում, մեկ անձից գնումն օրինականացվում է։
«Ինչո՞ւ հանկարծ որոշվեց, որ մշակութային միջոցառումները պետք է կազմակերպել առանց գնումների, այսպես ասած՝ իրավական ուժ է ստանում մեկ անձից գնում կատարելը, որովհետև եթե մինչև փոփոխությունը մենք կարող էինք ասել, թե ինչո՛ւ է սա արվում, ինչո՛ւ չի ընտրվում այլ ձև, հիմա մեզ կվկայակոչեն Կառավարության որոշումը: Այսպես, փաստորեն օրինականացվում է: Խնդիրն այն է, թե ինչո՛ւ է օրինականացվում»,- «Մեդիալաբին» ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Նա կարծում է՝ հավանաբար մատուցվող ծառայությունները յուրահատուկ են, ոչ ոք չի կարող կազմակերպել, և այդ պատճառով էլ որոշվել է փոփոխել կարգը ու ընտրել նրանց միանգամից, առանց մրցույթ հայտարարելու:
«Ես գնման գործընթացները չեմ ուսումնասիրել, բայց կարծում եմ, որ որոշակի առանձնահատկություններից ելնելով է որոշվել է մշակութային միջոցառումների անցկացման հարցում մեկ անձից գնման գործընթացին իրավական ուժ տալ»,- «Մեդիալաբին» ասում է Հոկտանյանը:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Մեդիալաբին» ասում է, որ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ապահովելու է Երևանում կազմակերպվելիք ամանորյա միջոցառումների բովանդակային, ստեղծագործական մասը։ Օրինակ՝ Հանրապետության հրապարակում կայանալիք Գորան Բրեգովիչի համերգի ստեղծագործական մասն ապահովելու է «Ֆակտորի փրոդաքշնը», դեկորը պատրաստելու է այլ ընկերություն, իսկ ձայնային ու լուսային էֆեկտները՝ մեկ այլ ընկերություն։
«Այդ բոլոր ընկերությունները մենք ենք ընտրել։ Բայց, իհարկե, ցանկացած մեկ անձից գնման դեպքում միշտ հնչում է հարցը՝ ինչո՞ւ հենց այդ անձից։ Երբ այդ մեկ անձից ես գնում կատարում, հաշվի ես առնում նախորդ տարիների աշխատած փորձը, նմանատիպ մեծածավալ ծրագրերում մասնակցությունը։ Ինչո՛ւ ենք բովանդակության ապահովման մասով ընտրել «Ֆակտորիին», որովհետև մենք ունենք նախորդ տարվա ամանորյա միջոցառումների շատ բարձր գնահատականի արժանացած դրական փորձը, ու քանի որ կա մեկ անձին ընտրելու արտոնությունը, բնականաբար, մենք ընտրում ենք նրանց։ Մեզ համար ընտրելու միակ տարբերակն այն է, որ միջոցառումը լինի բարձրաճաշակ»,- նշում է Վիրաբյանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի պնդմամբ՝ պետական բյուջեի ռեսուրսների օգտագործումը պետք է լինի թափանցիկ, հաշվետու ու մրցակցային պայմաններում, ինչը տարիներ շարունակ չի եղել Հայաստանում։
«Կամայական մոտեցումներ այս հարցում չպետք է ցուցաբերվեն։ Մրցակցության սկզբունքը պետք է ապահովվի պետական գնումների գործընթացում, իսկ դա կոռուպցիոն ռիսկերի նվազեցման կարևոր պայմաններից մեկն է։ Այս պայմանները գնումների գործընթացում տարիներ շարունակ Հայաստանում չեն պահպանվել, քանի որ նախկին իշխանությունները ամբողջությամբ կոռումպացված են եղել, իսկ գնումներում կարևոր սկզբունքները ունեցել են ձևական բնույթ»,- նշում է Սաքունցը։
Իրավապաշտպանի խոսքով՝ քաղաքային իշխանությունները, ունենալով հանրության մեծ վստահությունը, պարտավոր են ապահովել հաշվետու կառավարում պետական գնումների գործընթացում։ Ավելին, ըստ Սաքունցի, դա կարող է ազդակ լինել դաշտում գործող մյուս սուբյեկտներին, որ իրենք հնարավորություն ունեն դաշտում գործել հավասար ու մրցակցային պայմաններում՝ չունենալով իշխանությունների կողմից որևէ արտոնություն։
«Մրցակցությունը այն միակ ճանապարհն է, որը պետական բյուջեի ռեսուրսների արդյունավետ օգտագործումը կապահովի։ Այսինքն՝ նոր իշխանությունը պետք է շատ արագ հրաժարվի նախորդ իշխանությունների արատավոր պրակտիկայից, և որևէ հիմնավորում չի կարող ընդունելի լինել»,- ասում է Արթուր Սաքունցը։
«Ֆակտորի փրոդաքշնի» մասին խոսակցությունները թեժացան «Մեդիալաբի» ուսումնասիրությունից հետո, որի համաձայն, «Ֆակտորի փրոդաքշնին» ինչպես նախկին, այնպես էլ գործող իշխանությունների ժամանակ, առանց մրցույթի, մեկ անձից գնման հնարավորությամբ բաժին էին հասել հանրապետությունում գլխավոր տոնական միջոցառումների ամենահյութալի պատառները։
«Մեդիալաբի» հոդվածի շուրջ լայն քննարկումներից հետո իշխանական մի քանի պատգամավորներ տարբեր քննարկումներում հայտարարել էին, որ կուսումնասիրեն հարցը, կհնչեն բացատրություններ։ Բայց այդպես էլ որևէ բացատրություն, թե ինչո՛ւ է նախապատվություն տրվում այդ ընկերությանը, չհնչեց։
Ավելին, իշխանական խմբակցության մի քանի պատգամավորներին այս թեմայի վերաբերյալ ուղղված մեր հարցերը մնացին անպատասխան. նրանք ուղղակի հրաժարվում են խոսել գնումների ոլորտի ռիսկերից։
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանն ասում է՝ մեկ անձից հրատապ գնումները Կառավարության որոշմամբ շատացել են, բայց դրա համար կան օբյեկտիվ հիմքեր։ Ըստ նրա՝ հրատապ մեկ անձից գնումների մի խմբում բնական ու այլ մենաշնորհներ ունեցող ծառայություններն են, իսկ մյուս խմբում՝ մշակութային միջոցառումները։
Մշակութային միջոցառումների հետ կապված ֆինանսների փոխնախարարը կիսում է մտահոգությունները և նկատում՝ դրանք շատացել են։
«Օրենքով սահմանված է, որ հրատապությունը որոշվում է Կ առավարության կողմից, և բոլոր այդ որոշումները, որոնք արվել են հրատապության հիմքով մեկ աղբյուրից, արվել են Կառավարության որոշման հիման վրա։ Բայց դրա համար կա բացատրություն՝ նախարարությունը, Երևանի քաղաքապետարանն ասում են, որ իրենք միջոցառումների պլանավորման բովանդակության խնդիր ունեն, օրինակ՝ մեկ տարի առաջ չեն կարող պլանավորել, թե ինչ բովանդակությամբ միջոցառում է պատեհ լինելու այդ ժամանակի համար»,- նշում է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ մասնագետները բացատրում են, որ մշակույթի ոլորտը առանձնահատուկ է և այլ մոտեցում է պահանջում։
«Մեր գործընկերները՝ Երևանի քաղաքապետարանը, ԿԳՍՄ նախարարությունը, օրինակ, ասում են՝ եթե համերգի ժամանակ լույսերը չլինեն տվյալ արտադրողից, ապա կարող է վտանգվել այդ համերգի կազմակերպումը։ Այդ բոլոր որոշումները ընդունվում են տվյալ ոլորտի պատասխանատուների կողմից։ Մենք այսպիսի խնդիր ենք դրել՝ եթե լիազոր մարմինը՝ նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ունեն օբյեկտիվ հիմքեր և դրանք կարողանում են հիմնավորել, որ դա պետք է կատարվի մեկ անձի կողմից, ապա այդպես էլ լինում է»,- նշում է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը։
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը պետական գնումների մասին Կառավարության համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխությունները ռիսկային է համարում։
«Հիմա, երբ իրավական ակտերում փոփոխություններ կատարվեցին, բնականաբար, ավելի շատ են անցկացվելու ոչ մրցակցային գնումներ։ Դա շատ ռիսկային է և միշտ էլ հանրության մոտ մնալու են կասկածներ՝ ինչո՞ւ հենց այս ընկերությանը որոշվեց տալ այդ իրավունքը»,- «Մեդիալաբին» ասում է Բուռնազյանը։
Մինչդեռ, ըստ փորձագետի, կարելի էր մրցակցային պայմաններում առաջարկել հստակ պայմաններ և մրցույթի արդյունքում նախապատվություն տալ լավ որակ ու ցանկալի գնային առաջարկ ներկայացրած ընկերությանը։
Հիշեցնենք, որ 2017-ին ստեղծված «Ֆակտորի փրոդաքշնը», որին հատկացվել է Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար նախատեսված բյուջեի շուրջ մեկ քառորդը՝ 25 մլն 20 հազար դրամ, օգոստոսից ի վեր 237.014.280 դրամի կամ շուրջ կես միլիոն դոլարի պատվեր է ստացել պետական տարբեր ատյաններից։ Գնումներին այդ ընկերության մասնակցությունը առնվազն հինգ խոշոր գործարքների դեպքում կազմակերպվել է մեկ անձից գնման միջոցով, առանց մրցույթի։
Ավելին, «Ֆակտորի փրոդաքշնին» հնարավորություն էր տրվել կազմակերպել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված, Ամանորի և Սուրբծննդյան տոների, Երևան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը հանդիսավոր վառելու արարողության միջոցառումները: Այս գնումը ևս կատարվել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման միջոցով, որի համար պետությունը վճարել է 54 մլն դրամ:
Բացի այդ, նույն ընկերությունը մեկ անձից գնման միջոցով կարողացել է նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը կազմակերպելու մենաշնորհին արժանանալ։
Մասնավորապես, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված Հանրապետության հրապարակի գալա համերգի կազմակերպման համար կազմակերպությունը պետբյուջեից ստացել է 76 մլն 135 հազար դրամ, իսկ 2018-ի դեկտեմբերի 9-12-ը անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում ծառայություններ մատուցելն արժեցել է 54 մլն 790 հազար դրամ:
Այս ընկերությունը ստեղծվել է 2017-ին։ Հիմնադիրները շոու բիզնեսում հայտնի անձինք են՝ Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը։ Նրանք երկուսն էլ նախկինում աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։ Այս ընկերությունը թեև շատ երիտասարդ է, սակայն հասցրել է նաև աշխատել նախկին իշխանությունների հետ:
Տեր-Գալստյանն ու Պողոսյանը համարվում են Ջաղինյանի մերձավորները, ըստ մամուլի տարբեր հրապարակումների՝ վերջիններս նաև լավ հարաբերություններ ունեն քաղաքային իշխանությունների, մասնավորապես, Երևանի քաղաքապետի, փոխքաղաքապետի հետ։ «Ֆաքթորի փրոդաքշն» ընկերության հետ իր կապի մասին տեղեկություններին ի պատասխան Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ասել էր, որ աշխատել ու համագործակցելու է «բոլոր այն անհատների, ստեղծագործողների և ընկերությունների հետ, որոնք ստեղծում են բարձրարժեք և որակյալ մշակութային արտադրանք»։
Գնումների փորձագետը կարծում է, որ իշխանությունները պարզապես ցանկանում են ավելի որակյալ ու բարձր մակարդակի միջոցառումներ կազմակերպել, այդ պատճառով էլ դիմում են դաշտում արդեն հայտնի ընկերությունների օգնությանը։
«Իշխանությունը պարզապես պատշաճ ծառայություն է ուզում ստանալ, սակայն գնումների տեսանկյունից անընդհատ կիրառել ոչ մրցակցային եղանակները միայն այդ արդյունքին հասնելու համար, ճիշտ չէ, քանի որ օգտագործվում են պետական գումարներ»,- նշում է Բուռնազյանը։
Հասմիկ Համբարձումյան