Այսքան շատ ոչ մրցակցային գնումներ կիրառելը ռիսկային է, եւ քաղաքականությունը ճիշտ ուղու վրա չէ. Արմենուհի Բուռնազյան
«Այս փոփոխությունները կհանգեցնեն պետական գնումների թանկացմանը»,-«Մեդիա կենտրոնում» «Պետական գնումների մոնիտորինգային արդյունքների ամփոփում» թեմայով քննարկմանը, անդրադառնալով գնումների ոլորտում որակավորման ապահովման ինստիտուտի ներդրմանը, այսպիսի կարծիք հայտնեց Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը: Ըստ նրա՝ սա կբերի մատակարարման առումով կենտրոնացման:
Արմենուհի Բուռնազյանը մանրամասնեց. «Գնումների համակարգը լայնածավալ փոփոխությունների է ենթարկվել, մեր կարծիքով՝ ռիսկային է որակավորման ապահովման ինստիտուտի ներդրումը, քանի որ առաջարկվում է որակավորման ապահովում գնային առաջարկի 100%-ի չափով: Խոշոր ընկերությունների համար սա այնքան էլ ռիսկեր չի պարունակում: Ավելի շատ գնումներ ձեռք կբերվեն խոշոր ընկերություններից, մինչդեռ նախկինում ՓՄՁ ընկերությունների կողմից էին ձեռք բերվում: Փաստորեն, խոշոր ընկերությունները միջնորդ կհանդիսանան պետության և ՓՄՁ-ների միջև: Այս առումով ահազանգում է նաև մասնավոր ոլորտը. շատերը հիմա ուղղակի խուսափում են մասնակցել պետական գնումների համակարգին»:
Արմենուհի Բուռնազյանն ասաց, որ իրենց մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել՝ այս փոփոխությունները բերել են ռիսկային միտումների. «Այն քաղաքականությունը, որ ֆինանսների նախարարությունը սկզբում էր նախաձեռնել, որի նպատակն էր փոքր և միջին ձեռնարկությունների համար էլ ավելի գրավիչ դարձնել գնումների ոլորտը, հիմա հակառակն է դարձել: Այս փոփոխություններից հետո կսահմանափակվի փոքր և միջին ձեռնարկությունների մուտքը գնումների համակարգ: Այս ռիսկերը, պարզ է, որ կարտացոլվեն նաև գնի մեջ»:
Հիշեցմանը՝ մեկ անձով գնումների ընթացակարգը բավական շատ քննադատվել է ներկայիս իշխանությունների կողմից, երբ նրանք ընդդիմադիր դաշտում էին և հարցին՝ արդյոք կարո՞ղ ենք հայտարարել, որ նրանք գնում են նախորդների հետագծով, և ավելին, մեկ անձով գնումների ծավալն աստիճանաբար ավելացել է, Արմենուհի Բուռնազյանը պատասխանեց. «Հետհեղափոխական կառավարությունն ուղղակի օգտվում է այն հանգամանքից, որ ունի ժողովրդի մեծամասնության վստահությունը: Եվ այս առումով այն հանգամանքը, որ կարծես թե նախկինում քաղաքականացված գնումները փորձում են փոխել, լավ է: Սակայն իմ կարծիքով՝ այս առումով դեռ քայլեր պիտի արվեն, և այժմյան որդեգրած քաղաքականությունը ճիշտ չէ: Այսինքն՝ անընդհատ կիրառել ոչ մրցակցային գնումը և ասել նախկին կապերը չկան, գնումները քաղաքականացված չեն, սա հանրության տեսանկյունից այնքան էլ համոզիչ չէ: Չեմ ասի, որ նախկին կառավարության շարունակությունն է, սակայն արդյունավետության թափանցիկության հաշվետվողականության տեսանկյունից այսքան շատ կիրառելը ոչ մրցակցային գնումները ռիսկային է, և քաղաքականությունը ճիշտ ուղու վրա չէ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով