Արդարության ակնկալիքներով․․․
Հավանաբար շատերդ արդեն ծանոթ եք Սիսիանի բնակչի Հասմիկ Սարգսյանի գործին, ով ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված փոքր գումարի գողության համար դատապարտվել է 5 տարվա ազատրզրկման:
Մի քանի օր առաջ ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժեց ընդունել Սարգսյանի վճռաբեկ բողոքը, և շուտով կնոջը պետք է կալանավորեն: Սա մի սարսափելի անարդարություն է թե՛ Հասմիկի, թե՛ նրա երեխաների նկատմամբ, և բացարձակ խայտառակություն է մեր պետության ու հասարակության համար… Նրա աչքի առջև երեխաները ուտելու բան չունեն, տառապում են հիվանդություններից, պատկան պետական մարմինները հրաժարվում են օգնություն տրամադրել ու ամեն անգամ աշխատանք խնդրելիս ծաղրում են, նա անգամ գնացել է առողջական իմաստով իրեն հակացուցված աշխատանք անելու, սակայն այնքան է արյունահաոսել, որ այլևս ի վիճակի չէ շարունակելու այդ աշխատանքը: Մի՞թե այդ գողության համար պետք է պատասխան տան Հասմիկ Սարգսյանն ու նրա երեխաները: Մի՞թե պետությունն ու հասարակությունը պարտավոր չեն օգնել նրան՝ դուրս գալու այս ծայրահեղ վիճակից՝ փոխանակ է՛լ ավելի դաժանորեն պատժելու:
ՀՀ Դատարանները նման մարդասիրական վերաբերմունք չցուցաբերեցին, չնայած ունեին դա թույլատրող օրինական հիմքերը: Այժմ միակ և վերջին հույսը մնում է Ներման խնդրագիր ներկայացնելը, և մենք օգնում ենք Հասմիկ Սարգսյանին այդ անել: